ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան երկօրյա պետական այցի շրջանակներում կազմակերպված հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ, հայտարարեց, որ Մաքսային միությանն ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև եվրոպական ներդրողների համար։ Նա կարևորեց Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում: «Ուրախ եմ, որ նախագահ Օլանդի պետական այցը Հայաստան նշանավորվում է հայ-ֆրանսիական գործարար համաժողովի անցկացմամբ: Պատահական չէ, որ հենց այս միջոցառումով է տրվում նախագահ Օլանդի պետական այցի մեկնարկը: Թե Հայաստանի, թե Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ համաժողովին ներկա են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ:
Նախագահը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլև կարևոր հարթակ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով:
«Համոզված եմ, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Այդ առումով հայ և ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից: Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք՝ 11-14-րդ դարերում, հայոց արքաները առևտրային լայն արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին, իսկ 17-րդ դարում կարդինալ Ռիշելյեն հատուկ լիազորություն է ընձեռել հայ վաճառականներին: Հայերն իրենց ներդրումն են ունեցել Մարսելում, ապա Փարիզում քաղաքային առաջին սրճարանների ստեղծման գործում: Անցյալի այս դրական փորձն այն կարևոր հիմքն է, որի վրա պետք է ընդլայնենք և ամրապնդենք մեր տնտեսական կապերը»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում գլոբալ մարտահրավերների և ֆինանսական ռեսուրսների պարագայում կայուն տնտեսական զարգացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կառավարման: Եվ գործարար միջավայրի բարելավումը կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր հենասյուներից է:
«Հայաստանում վստահ ենք, որ գլոբալ մարտահրավերների և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն և կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների և, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի: Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է: Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում»,– ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը շեշտեց, որ այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը:
«Վստահ եմ, որ՝ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ»,– ասաց նա:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշահավետ համագործակցություն է ստեղծվել։ «Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները: Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար»,– ավելացրեց նա:
Սերժ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում: Նա ընդգծեց, որ նախագահ Օլանդի և իր համար շատ կարևոր է, որ երկու երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Նրա խոսքով՝ դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը:
«Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013-ի հունվարի 1-ից ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար»,– ասաց նա:
Սերժ Սարգսյանը համոզված է, որ համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:
«Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ»,– ասաց նախագահը:
Ֆրանսուա Օլանդը գտնում է, որ իրենք Հայաստանում շատ ոլորտներում են ներկա: «Վաղն արդեն Քարֆուրի առաջին խանութի բացման առիթով կտեսնեք, որ այն հնարավորություն կտա Հայաստանին միջազգային առևտրային ցանցի մեջ մտնելու: Ցանկանում ենք, որ այս առաջին ներդրումը ուրիշներին էլ օժանդակի, քաջալերի, և պետք է բոլոր ձևերով հեշտացնենք ներդրումների գործընթացը»,-ասաց նա:
Ֆրանսիայի նախագահը նաև նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի այս այցը բարեկամական այց լինի, և Ֆրանսիան օգտակար լինի Հայաստանին:
Համաժողովի շրջանակներում տեղի ունենցան երկու կլոր սեղաններ՝ «Առևտուր և ծառայություններ», «Ենթակառուցվածքներ և սարքավորումներ» թեմաներով: